ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Մեծ լուսատուն` ցերեկը իշխելու համար, իսկ փոքր լուսատուն` գիշերը իշխելու համար»

«Մեծ լուսատուն` ցերեկը իշխելու համար, իսկ փոքր լուսատուն` գիշերը իշխելու համար»
22.03.2019 | 00:28

Ասենք թե մեկն ասի. «Վաղը լիալուսնի օր է»: Հետո ի՞նչ, կասեն շատերը: Այդպես պատասխանողները պարզապես չգիտեն, թե ինչ ազդեցություն ունի լուսինը մարդկության կյանքում:


Օրինակ, երբ դուք առանց պատճառի անհանգստություն, մտացրիվություն կամ մարմնական տկարություններ եք զգում, ապա լավ կլինի նայեք օրացույցին, ու կտեսնեք, որ լիալուսնին մոտ օրերն են:
Այո, ուզենք թե չուզենք, մենք ամենաուղղակի կախվածություն ունենք լուսնի ազդեցությունից: Գիշերային այդ գեղեցկուհին իր լիիրավ իշխանության օրերին շատ քմահաճ ազդեցություն է թողնում համայն մարդկության վրա: Այն 28 օրը մեկ իր ամբողջ գեղեցկությամբ լուսավորում է գիշերային երկինքը, իսկ 28 տարին մեկ ամբողջովին կրկնվում է մարդկության օրացուցային տարին:
Լսել եք, չէ՞, տեղատվությունների ու մակընթացությունների մասին, երբ հանկարծ ծովի ջրերը աներևույթ զորությամբ բարձրանում են մի քանի մետր: Աստղագետները ձեզ հեշտությամբ կապացուցեն, որ դա լուսնի անմիջական ազդեցության շնորհիվ է: ՈՒ քանի որ մարդը 70-80 տոկոսով բաղկացած է ջրից, հետևաբար մեր մարմնի ներսում էլ են կատարվում այդ յուրօրինակ մակընթացությունները, որոնք ամեն մարդու մոտ յուրատեսակ դրսևորումներ կարող են ունենալ, օրինակ, գրգռվածություն, ճնշման բարձրացում, թմրություն, խելապատակում (ուղեղում), ականջներում բարձր խշշոց, անհանգստություն, սրտմտություն, աչքերի տեսողության տկարացում, որոնք երբեմն փոխանցվում են ընտանիքի անդամներին, ինչի պատճառով անտեղի վեճեր ու գժտություններ են առաջանում: Մի խոսքով, ինչպես հսկայական օվկիանոսներն են բարձրանում ու ալեկոծվում այդ օրերին, այդպես էլ մարդիկ են զանազան անհանգստություններ ունենում անքնություն այդ գիշերներին:


Բժշկագիտական ինֆորմացիայից գիտենք, որ լիալուսնի օրերին հիվանդների քանակը մոտ 13 տոկոսով ավելանում է, ոստիկանական տվյալների համաձայն` այդ օրերին կտրուկ ավելանում է նաև ավտովթարների թիվը:


Տեղեկացնենք, որ կախարդներն ու գուշակները նույնպես շատ հմտորեն են օգտագործում լիալուսնի փուլը, որպեսզի առավել ազդեցություն ունենան իրենց դիմողների վրա, ու զանազան մեթոդներ են առաջարկում այդ օրերին, իբր հարստանալու, սիրո մեջ հաջողություն ունենալու կամ բիզնեսի մեջ առաջանալու: Բայց դրանցից օգտվողները չգիտեն, որ դրանով իսկ ամուր կապով կապվում են չար ուժերի հետ, որոնք հետագա ամբողջ կյանքում իշխանություն կբանեցնեն նրանց վրա, ու այդ օրերին կպարտադրեն իրենց կամքը, նույնիսկ ինքնասպանության հրամաններ կարող են տալ:
Ձեզ օրինակ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպը, որտեղ այդ մասին հմտորեն, ես կասեի, գիտակի վարպետությամբ նկարագրված են նման դեպքեր:


Ասենք նաև, որ այդ օրերին գարնանացանին կամ գյուղատնտեսական այլ աշխատանքներին սպասող հողագործները շտապում են ավարտել իրենց ծրագրերը, քանի որ փորձով գիտեն, որ դրանից հետո սերմը կամ տունկը առավել ակտիվ են աճում, քան սովորական օրերին:
Իսկ ինչ բացատրություն է տալիս այս ամենին Աստվածաշունչը, որտեղ լուսնի մասին դեռ Ծննդոց գրքից է հայտնի, որտեղ գրված է. «Մեծ լուսատուն` ցերեկը իշխելու համար, իսկ փոքր լուսատուն` գիշերը իշխելու համար»: Ինչպես հասկացաք, խոսքն արևի ու լուսնի մասին է:
Լիալուսնի օրը այնքան կարևոր է, որ մեր եկեղեցին ամեն տարի սուրբ Զատիկը տոնում է գարնան առաջին լիալուսնի հաջորդ կիրակի օրը, քանի որ Հիսուսի խաչելությունը հենց նիսան (ապրիլ) ամսվա առաջին լիալուսնի օրն եղել: Այս աշխարհին տված վերջին օրերի նշանների մեջ նույնպես լուսինն իր դերն ունի, քանի որ գրված է. «Այդ օրերի նեղությունից անմիջապես հետո արեգակը պիտի խավարի, և լուսինը իր լույսը չպիտի տա, և աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զորություններ պիտի շարժվեն: Եվ ապա երկնքի վրա մարդու Որդու նշանը պիտի երևա, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն և պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զորությամբ և բազում փառքով: Եվ Նա պիտի ուղարկի Իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հավաքեն Նրա ընտրյալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչև մյուս ծագերը» (Մատթեոս 24.29-33): Եվ դարձյալ. «Եվ վերը՝ երկնքում, զարմանալի գործեր պիտի ցույց տամ, իսկ ներքևում՝ երկրի վրա, նշաններ. արյուն և հուր և ծխի մրրիկ. արեգակը խավար պիտի դառնա, և լուսինը՝ կարմիր, ինչպես արյուն, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երևելի օրը:


Եվ պիտի լինի այնպես, որ ամեն ոք, որ Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի» (Գործք 2.19-21):
Սուրբ Գրքում նույնիսկ կա «լուսնային հարված» արտահայտությունը, որն ուղղակիորեն վերաբերում է լիալուսնի ազդեցությանը մարդու վրա:
Խորհուրդ է տրվում լիալուսնի օրերին միտքն ու մարմինը գրգռող միջոցներից հեռու մնալ (ալկոհոլ, դաժան ֆիլմեր, ռոք երաժշտություն և այլն), հանդարտեցնող միջոցներով անցկացնել այդ օրերը. հոգևոր մեղմ երաժշտություն, եկեղեցի հաճախել, աղոթել ու պարզապես լուռ նստել և Աստծո ներկայության մեջ լինել, որից հոգին խաղաղվում է, Տիրոջ կենարար Հոգով է լցվում, ինչպես հեռախոսի մարտկոցն է լիցքավորվում:


Խորհրդապաշտական գրականության մեջ կան տեղեկություններ, որ մեզանից վեր կան յոթ երկինքներ, որտեղ երկրորդը համարվում է չար ուժերի ոլորտը, ու յուրաքանչյուր հոգի, որ զատվում է մարմնից, անպայման այդ շերտով պետք է անցնի, որտեղ դիվական զորությունները իշխանություն են բանեցնում հոգիների վրա: Եթե հոգին մեղքերով բեռնված է անցնում այդ շերտով, ապա մեծ տառապանք ու ցավ, երբեմն էլ կորուստ է ունենալու: Այդ պատճառով Տերը մեզ հորդորում է, քանի դեռ մարմնի մեջ ենք, ապաշխարությամբ մաքրվենք մեր մեղքերից, որ այդ դիվական շերտով անարգել անցնելով, մտնենք երկնային Արքայություն:
Նույնիսկ սուրբ Գրիգոր Նարեկացին է աղոթում այսպես. «Եվ երբ որ ելնեմ ամենագրավ ի վերն ընթացող ուղին սոսկալի, Քո խաղաղության հրեշտակը թող լի քաղցրությամբ դիմավորի ինձ: Շնչիս արձակման օրն ինձ ցու՜յց տուր, Տե՜ր, մաքրության ոգով, ուղեկից լույսով` երջանիկների մոտ երկնային` բարձրանալն իմ թող նախապե՜ս տեսնեմ, Սիրուդ պարգևով եկած-տե՜ղ հասած: Նահատակ եղած Քո արդարներից առանձին մեկին ուղարկիր ինձ մոտ. այդ ընկերության ապահովությամբ ժամանեմ Երկինք:
Քա՜վ լիցի, Քեզ, Տե՜ր, երբ բարեբանյալ, փրկության Արմա՜տն ես ամենայնի, եթե ախտացյալ ոչխարիդ` հենց ինձ, դժնդակ գազան դնես ուղեկից: Այլ` մեղքերի մեջ արդեն մեռածիս, կամեցի՜ր արդեն միայն անախտ կյանք, և մեծ պարտքերի մեջ կործանվածիս` արդեն` փրկություն» (Բան Բ. դ):


Հայոց մեծ սուրբը խնդրում է իր հոգուն որպես ուղեկից նահատակ արդարներից մեկին` երկինք հասնելու համար, քանի որ այդ ճանապարհին՝ երկրորդ երկնքում, դժնդակ գազաններ են սպասում մեզ:
ՈՒրեմն խնդրենք, երբ կգա այդ օրը, թող հենց ինքը՝ Գրիգոր Նարեկացին լինի մեր հոգիներին ուղեկից դեպ երկնային Արքայություն: Ամեն:
Բայց այս ամենից հետո, Տիրոջը ապավինողները թող այս սաղմոս-աղոթքով վստահ լինեն, որ.
«Ցերեկն արեգակը քեզ չի վնասի,
ոչ էլ լուսինը՝ գիշեր ժամանակ:
Տերը քեզ կպահպանի ամեն չարիքից,
Տերը կպահպանի քեզ:
Տերը կհսկի քո մուտքն ու ելքը՝
այսուհետև մինչև հավիտյան» (Սաղմոս 120.6-8):
Վերջում, որպես ի գիտություն. այս տարվա մնացած լիալուսնի օրերը` ըստ ամիսների. մարտի 21, ապրիլի 19, մայիսի 17, հունիսի 16, հուլիսի 15, օգոստոսի 14, սեպտեմբերի 13, նոյեմբերի 12, դեկտեմբերի 12:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 19362

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ